Պարտադիր վճարներ
Պարտադիր դրոշմանիշային վճարները պետք է փոխանցվեն Ֆինանսների նախարարության կողմից Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին:
«Ստացող» դաշտում պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտե, իսկ «նպատակ» դաշտում պետք է նշել ՝Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ:
Դուք պարտավոր եք վճարել դրոշմանիշային վճար, եթե.
- Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հադիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Հաշվառված եք ՀՀ-ում և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր եք, ինչպես նաև հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձանցից եկամուտները ստացող անձ
- Իրականացնում եք նոտարական գործունեություն
- Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով եկամուտ եք ստանում ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ եք ստանում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Մանրամասների համար տե՛ս «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը
Դուք պարտավոր չեք վճարել դրոշմանիշային վճար, եթե
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ եք, ով աշխատում է աշխատանքային պայմանագրով, սակայն.
- Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ չունեք
- Տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեք ստացել
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ չեք, սակայն աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ չունեք
- Հ-ում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր եք կամ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձանցից եկամուտներ եք ստանում, սակայն տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ այլ հիմքով եկամուտ չեք ստացել
- Նոտար եք, սակայն տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեք ստացել
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ եք, ով աշխատում է աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս, սակայն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ չունեք
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ չեք, սակայն աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով եկամուտ եք ստանում ՀՀ աղբյուրներից եւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ չունեք:
- Աշխատում եք միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով՝ հարկերը և պարտադիր այլ վճարները , (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում ՀՀ-ն օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:
Ձեր փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են .
- Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
- Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.
- Այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` իր միջոցների հաշվին:
Դուք կարող եք պահանջել Ձեզ վերադարձնել նախորդ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարը, եթե.
- Ձեր ծնողը, ամուսինը և (կամ) զավակը.
ա) գտնվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ , կամ
բ) հանդիսանում է զոհված (մահացած) զինծառայող
Տեղեկացնում ենք, որ 2021թ.-ից սկսած կրկնակի վճարված դրոշմանիշային վճարներն ենթակա չեն վերադարձման՝ գործող օրենսդրության համաձայն:
Եթե փոխանցել եք ավելի շատ գումար, քան դրոշմանիշային վճարների մասով Ձեր պարտավորությունն էր (Օրինակ՝ կազմակերպությունն ունի 10 աշխատակից: Համապատասխանաբար՝ պետք է փոխանցեր 10.000 դրամ, սխալմամբ փոխանցել է 100.000 դրամ): Կառավարության որոշման համաձայն ավել վճարված դրոշմանիշային վճարի վերադարձման համար սպասարկող հարկային մարմին պետք է ներկայացնեք համապատասխան դիմում:
Հարկային մարմինը, դիմումը ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում համադրում է դիմումում նշված գումարը առկա տվյալների հետ և տալիս է եզրակացություն : Եթե առկա է վերադարձման ենթակա մնացորդ, ապա եզրակացությունը կազմելուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում մնացորդը փոխանցվում է դիմումում նշված հաշվեհամարին:
ՀՀ Կառավարության համապատասխան որոշմանը կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ այստեղ: