hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իրինա
Իրինա Սեյլանյան Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայաստան Ֆինանսաբանկային ոլորտ
ՊԱՇՏՈՆ

Իրինա Սեյլանյանը ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է 2021թվականից։ Նա հանդիսանում է ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի անդամ 2017թ․-ից և վերանշանակվել է երկրորդ անգամ 2021թ․:
 

2026թ. փետրվարի 12-ին Իրինա Սեյլանյանը երկրորդ անգամ վերընտրվել է ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
Իրինան փորձառու առաջնորդ է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձով Հայաստանի և միջազգային բանկային ոլորտներում։ Նրա մասնագիտացման ոլորտներն ընդգրկում են ռազմավարական պլանավորում և իրականացում, բիզնեսի զարգացում, ակտիվների և պարտավորությունների կառավարում, ռիսկերի կառավարում, կորպորատիվ վերակազմակերպումներ, տնօրենների խորհուրդների և կարգավորող մարմինների հետ համագործակցություն։ Նա մեծ կարևորություն է տալիս մարդկանց զարգացմանը, մոտիվացմանն ու ոգեշնչմանը։

2020–2025թթ․ Իրինան զբաղեցրել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ պատասխանատու լինելով բանկի գործունեության և ռեսուրսների կառավարման բոլոր ուղղությունների, ինչպես նաև տնօրենների խորհրդի կողմից սահմանված ռազմավարության իրականացման համար։

Իրինան Էյչ-Էս-Բի-Սի խմբում է 1997 թվականից՝ աշխատելով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ 2016–2020 թվականներին նա ղեկավարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Մալթայի գլոբալ շուկաների բաժինը՝ պատասխանատու լինելով բանկի գործունեության համար համաշխարհային շուկաներում, այդ թվում՝ արտարժույթի շուկաներում առևտրի և վաճառքի, փողի շուկայի և տոկոսադրույքների գործառնությունների, հաշվեկշռի կառուցվածքի, դրամական հոսքերի, ակտիվների և պասիվների կառավարման, ինչպես նաև բանկի ռազմավարության շրջանակում հիմնական ֆինանսական ռիսկերի կառավարման ուղղություններով։

Մինչ այդ Իրինան երեք տարի ղեկավարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Մեծ Բրիտանիաի կարգավորման փոփոխությունների կառավարման ծրագրերը, որտեղ համաշխարհային կոմերցիոն բանկինգի շրջանակում ներդրել է կարգավորման փոփոխությունների կառավարման համակարգ և ղեկավարել է 60 երկրում իրականացվող միջտարածաշրջանային խոշոր ծրագրերի քաղաքականության մշակումը և կիրառումը։

2021թ․ հունվարից Իրինան միացել է Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության խորհրդին։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել խոցելի ընտանիքներին, հատկապես երեխաներին և տարեցներին՝ ակադեմիական, մշակութային և արտադասարանական ծրագրերի միջոցով։

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Իրինան միջազգային որակավորում ունեցող հաշվապահ է (ACCA, ՄԹ) և ACCA Fellow։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտացմամբ։