Արմեն Քոչարյանն ընտրվել է ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ 2026թ․ հունիսի 4-ին, հինգ տարի ժամկետով։
Արմեն Քոչարյանը Spark.work ընկերության հիմնադիրն է և VOLO-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը։ Նա նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահն է և ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործընթացներում։
Իր ավելի քան երկու տասնամյակ տևած մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Քոչարյանը ղեկավարել և զարգացրել է միջազգային շուկաներում գործող տեխնոլոգիական ընկերություններ՝ ձևավորելով բարձր արդյունավետությամբ թիմեր և նպաստելով հայկական տեխնոլոգիական ոլորտի մրցունակության բարձրացմանը։ Նրա ղեկավարությամբ VOLO-ն դարձել է միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիական ընկերություն աշխարհի մի շարք երկրներում:
Արմեն Քոչարյանն ունի զգալի փորձ կազմակերպությունների ռազմավարական զարգացման, գործառնական կառավարման, տեխնոլոգիական առաջնորդության և մարդկային կապիտալի կառավարման ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում նա ներգրավված է եղել ինչպես խոշոր տեխնոլոգիական նախագծերի իրականացման, այնպես էլ նորարարական ձեռնարկությունների զարգացման և մասշտաբավորման գործընթացներում։
Որպես UATE-ի նախագահ՝ Արմեն Քոչարյանը մասնակցում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը՝ աջակցելով կրթության, նորարարության և միջազգային համագործակցության խթանմանը։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով կիրառական մաթեմատիկայի մասնագիտացում, և շարունակաբար ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական և գործարար համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերում։