12

Դեկ,

2022

The Artfor’s — արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր

#ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը մեկնարկեց հօգուտ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և կտևի ընդամենը 1 շաբաթ` 2022թ դեկտեմբերի 11-18-ը ներառյալ։

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զին․ հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Աճուրդը կանցնի հնարավորինս թափանցիկ. աճուրդում հաղթողները գումարը փոխանցելու են անմիջապես այն հիմնադրամին, որի արվեստի գործը ձեռք են բերել։

#ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի է ունենում երկրորդ անգամ արդեն նոր` The Artfor’s առցանց հարթակում։ #ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020թ․ նոյեմբերին․ արդյունքում ավելի քան $42,000 ուղղվել է պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Առցանց աճուրդում ներկայացված են ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, դասականի ու աբստրակցիոնիզմի, ինչպես նաև մոնումենտալ և փոքր ավելի քան 50 գործեր։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (Jino), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Արամ Դանիելյանը, Ռաֆայել Մանուկյանը և ուրիշներ։ Աշխատանքների մեծամասնությանը կարող եք ծանոթանալ Երևանի ԱրտԿվարտալ ցուցասրահում դեկտեմբերի 11-14-ը։

Աճուրդի ֆենոմենը դարձավ Արթուր Վարդանյանի բացառիկ արտ-օբյեկտը՝ հատուկ թոնրում թխած ավանդական հայկական լավաշը, որի վրա Քրիստոսի անձեռակերտ դեմքն է երևում։ «Ես եմ հացը կենդանի» սահմանափակ հավաքածուի մի նմուշն է, իսկ հավաքածուն ներառում է ընդամենը 33 լավաշ, որոնք թխվել են Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ։ Այդ 33-ից մեկ այլ լավաշ ներառվել է Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հավաքածուի մեջ։ Այս հավաքածուից նմուշն առաջին անգամ է ներկայացվում հրապարակային վաճառքի։

Դարձե՛ք աճուրդի մի մասը։ Դուք ունեք աննախադեպ հնարավորություն ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր՝ դրանով աջակցելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուրդի կայքում։ Աճուրդը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ։

 

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի մասին

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հիմնադրվել է ի հիշատակ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նվիրված նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը 7 մլն դրամի անվանական կրթաթոշակներ է տրամադրել դպրոցականներին և ապագա կլինիկական դեղագետներին։ Աճուրդից ստացված ողջ գումարն ուղղվելու է «Վ.Մելիքսեթյանի անվան դեղագիտության զարգացման կենտրոնի» ստեղծմանը։ Կենտրոնի ստեղծման առաջին փուլի համար անհրաժեշտ է 20 միլիոն ՀՀ դրամ, որից հավաքագրվել է 9 միլիոնը։